March 15, 2011

Ես ամեն ինչ գիտեմ …


Մենք` հայերս, սիրում ենք տեղի-անտեղի ասել.ես սա գիտեմ, դե դա ես վաղուց գիտեի, ինչ է, դու չգիտեի՞ր:

Սա հոգեվիճա՞կ է, թե՞ սեփական ԵՍ-ը հաստատելու միջոց: Ո՞վ գիտե, գուցե դա այսպես է: Գուցե և այդպես է, սակայն…
Մի խելացի գործարար մարդ ժամանակին ասել է «Եթե դու այդքան խելացի ես, ապա ինչու՞ հարուստ չես»: Ասողը հաստատ  հայ չէ: Ո՞ր հայ գործարարը կասի «Ես սա չգիտեմ, պետք է սովորեմ»:  

Ես ինք ինձ ժխտեմ: Բարեբախտաբար կան այդպիսի հայեր, ովքեր ձգտում են սովորել: Կան, սակայն քիչ են: Քիչ են, սակայն որակ են կազմում: Հաստատ:
Մեր գործարարների ցավոտ կողմն է ընդունել, որ գիտելիքի կարիք ունեն:  Ընդունեն, որ ինչ որ բան չգիտեն: Մինչ մենք ասում ենք, թե ամեն ինչ գիտենք, մարդկությունը առաջ է գնում: Այն էլ մեծ քայլերով: Իսկ առաջ են գնում միայն սովորելով:

Չգիտեմ, թե որ հեռատես կումունիստի խելքին է փչել «Սովորել, սովորել, սովորել» ասույթը վերագրել Լենինին: Բայց դա կարևոր չէ: Կարևորը այն է, որ լավ է ասված: Իսկ մենք ծաղրում ենք, ասելով, թե Լենինի խոսքերն են: Ինչպես միշտ, կենտրոնանալով ձևի վրա, մոռանում ենք բովանդակությունը:  Դե որ Լենինն էլ բարեբախտաբար հայ չէ, դա բոլորս գիտենք:  Դե իհարկե, գիտենք: Հնարավոր չէ չիմանանք: Մենք ամեն ինչ գիտենք…

Ամեն ինչ իմանալու համար սովորել է պետք: Սովորել ոչ թե դիպլոմ ունենալու, այլ գիտելիք ստանալու համար: Կարդալով, խորհուրդ հարցնելով, կատարված սխալները վերլուծելով...

Թե չէ, ես ամեն ինչ գիտեմ…

6 comments :

  1. Շատ լավ հոդված էր: Ուղղակի սովորելը տարբեր մարդիկ տարբեր ձև են հասկանում: Լավ կլիներ, որ մարդիկ ավելի շատ սովորեին այնպիսի բաներ, որոնք պրակտիկորեն ազդեին իրենց կյանքի և ապագայի վրա: Նաև պետք չի սովորել միայն այնպիսի բաներ, որոնք ձեր "հարմարավետության գոտում" են: Անընդհատ պետք է ձեռք բերել "նոր", տարբեր ուղղվածությամբ գիտելիքներ: Օրինակ շատ հաճելի կլիներ որ անգլերենի ուսուցիչը ստանար գիտելիքներ նաև արժեթղթերի վերաբերյալ կամ բժիշկը` ինտերնետ բիզնեսի:
    Մինչև չընդլայնեք ձեր գիտելիքների հորիզոնը, չեք կարող պարզել, թե որն է ձերը: Անընդհատ նոր բաներ սովորեք, որոնց մասին անգամ մտածելը ձեր մեջ նախկինում վախ է առաջացրել:

    ReplyDelete
  2. Շնորհակալություն մեկնաբանության համար: Հետաքրքիր կլիներ, եթե իրոք ուսուցիչը ուզենար իմանալ արժեթղթերի մասին:

    Օրինակ` կան բաց դասընթացներ, որոնց ցանկացած անձ կարող է մասնակցել: Բայց հիմնականում նույն մասնագիտության մարդիկ են գալիս` կատարելագործվելու համար:

    Մասնագիտություն փոխելը ռիսկային է և փորձարկելու ժամանակ էլ երբեմն չի լինում` ելնելով կյանքի այսօրվա ռիթմից :) Ինչ կասեք:

    ReplyDelete
  3. Հա, ճիշտ եք ասում, ուղղակի դա կախված է նրանից, թե մարդը կյանքում ինչի է ձգտում: Եթե ձգտում է կայունության, ապահովության ու միջին կյանքի, իհարկե ռիսկային է: Բայց նույնիսկ այդ դեպքում էլ ռիսկը փոքրացնելու համար կարելի է մասնագիտությունից չհրաժարվել, ուղղակի համատեղել ինչ-որ բաների հետ: Օրինակ, եթե ուսուցիչը ազատ ժամանակը զբաղվի ժամանակի կառավարմամբ, ինքնազարգացմամբ ու տարբեր գիտելիքներ ձեռք բերելով, ապա ավելի հեշտ կկողմնորոշվի կյանքում: Օրինակ վերջին մի քանի տարվա ընթացքում ոսկին անընդհատ թանկանում է ու հիմա էլ դեռ շարունակում է: Բայց մարդիկ գումարները տան են պահում կամ 10%-ով ավանդ են դնում ու չեն ներդնում ոսկու մեջ, որովհետև վախ ու գիտելիքի, փորձի պակաս ունեն: Այդ պակասը լրացնելը նկատի ունեմ: Կամ շատերը վախենում են արժեթղթերից, որովհետև չեն հասկանում, թե ինչպես է դա աշխատում, գիտելիքի պակաս ունեն այսինքն, ու հենց այդ անորոշությունն է իրենց վախեցնում: Կամ մարդ վախենում է իր ընկերությունը բացի, որովհետև կարծում է, որ դա բարդ բան է: Այսինքն հաշվապահական, հարկային և նման այլ որոշ գիտելիքների պակաս ունի: Կամ թեկուզ անշարժ գույքը և այս ցուցակը էլի կարելի է շարունակել: Այսինքն սրանք են այն պրակտիկ գիտելիքները, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում մարդը կարող է փոխել իր կյանքը: Այդ և ժամանակի ընթացքում ավելի բարձր մակարդակի վրա բարձրանալու համար պետք է անընդհատ սովորել ու փորձել: Այս դեպքում սխալվելն է փորձ համարվում:

    Իսկ նման դասընթացներն ու սեմինարները շատ կարևոր են: Ես ինքս մի քանի անգամ հաճախել եմ ու էլի մեծ հաճույքով կմասնակցեմ, մանավանդ եթե լինեն այս երկու թեմաներով` "Մտավոր սեփականություն և հեղինակային իրավունք" և "Արժեթղթեր", բայց ավելի ընդլայնված ինչ-որ բան:

    ReplyDelete
  4. Հիշում եմ, որ սիրում էի այն պատմությունը շրջանագծի մասին, թե որքան շատ բան գիտես, այնքան հասկանում ես, որ ոչինչ էլ չգիտես: Չգիտցածի հատվածը ավելի է մեծանում գիտելիքների շատությունից:

    ReplyDelete
  5. Ամեն դեպքում պետք է հասկանալ և գնահատել, թե ինչ է պետք սովորել աշխատանքում կամ բիզնեսում առաջխաղացում ապահովելու համար: Կարևոր է տարանջատել ունակություններն ու գիտելիքները: Օրինակ, հաղորդակցման, թիմային աշխատանքի և այլ ունակություններ կամ մասնագիտական և այլ գիտելիքներ: Երկու դեպքում էլ կարիք է առաջանում կարդալ որևէ գիրք, այցելել համապատասխան թրեյնինգի կամ ընտրել զարգացման այլ տարբերակ (on-job training, այլն):

    ReplyDelete
  6. Կյանքն այնքան հետաքրքիր է, չկա մի ոլորտ ու բնագավառ, որ մարդու կյանքի այս կամ այն պահին չհետաքրքրի ու չգրավի: Յուրաքանչյուր ստացած "դաս", դա լինի թրայնինգի, թե պրակտիկ գործունեության ընթացքում կոփում է մարդուն, ձևավորում ու կայացնում: Պնդումը, որ կյանքը շատ կարճ է, կարելի է տարածել այն մարդկանց վրա, ովքեր օգտագործում են "չգիտեմ ինչ անեմ" արտահայտությունը:
    Կյանքում նման "շռայլություն" ինձ թույլ չեմ տվել:

    ReplyDelete