April 20, 2016

Բուհից աշխատաշուկա. խնդիրներ և լուծումներ

Հայաստանյան իրականության մեջ ուսանողների անցումը բուհից աշխատաշուկա բարդ է ու խոչընդոտներով լի: Ունենալով կրթություն, սակայն չունենալով համապատասխան փորձ՝ նրանք աշխատանք փնտրելու ճանապարհին հանդիպում են մի շարք դժվարությունների:

Ի՞նչն է խանգարում բուհ-աշխատաշուկա կապի արդյունավետ իրացմանը, ի՞նչ հիմնախնդիրներ են առկա ոլորտում և ինչպե՞ս կարելի է բարելավել առկա իրավիճակը:

Banks.am-ը զրուցել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի հետ, որը ներկայացրել է այս հարցերի շուրջ իր տեսակետները:

Բուհից աշխատաշուկա կապը խզված է

Բուհ-աշխատանքային շուկա կապը Հայաստանում հեռու է արդյունավետ լինելուց: Դասավանդման ծրագրերը, մեթոդներն ու գործիքակազմը հետ են մնում շուկայի պահանջներից, իսկ ուսուցումը կատարվում է ժամանակավրեպ ծրագրերով: Անընդհատ զարգացող աշխարհում, երբ տեղեկատվության ծավալը բավականին մեծ է, և շուկայի կառուցվածքն ու գործատուի պահանջները փոփոխվում են օր օրի, բուհերի տված գիտելիքները դառնում են ոչ մրցունակ:

Այդ պատճառով, մինչ աշխատանքի անցնելը, ուսանողը ստիպված է լրացուցիչ միջոցներ և ժամանակ տրամադրել այդ պահանջներին համապատասխանելու համար: Ոչ կիրառական գիտելիքներով ուսանողները դժվարությամբ կամ ընդհանրապես չեն ընդունվում աշխատանքի:

Մյուս կողմից, բուհերի տրամադրած գիտելիքների հիմնական մասը տեսական է, իսկ ուսանողական պրակտիկան շատ ժամանակ կրում է ձևական բնույթ: Չնայած որոշ բուհեր փորձում են համատեղել տեսական գիտելիքները գործնականի հետ, այնուամենայնիվ, կիրառական գիտելիքների պակասը շարունակում է մնալ բուհ-աշխատաշուկա կապի խզման հիմնական պատճառներից մեկը:



Ոլորտն ունի բարելավման կարիք

Բուհ-աշխատաշուկա հարաբերություններում առկա են մի շարք հիմնախնդիրներ, իսկ իրավիճակը կարելի է բարելավել՝ իրականացնելով բարեփոխումներ ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ աշխատանքի շուկայում:

Քանի որ կրթության ոլորտը պետական հոգածության ներքո է, ապա փոփոխությունները կարելի է սկսել մասնավոր հատվածից:

«Բի Էս Սի» ընկերությունը, մասնագիտական զարգացման և բիզնես խորհրդատվության ոլորտում գործելով շուրջ 22 տարի, իր ներդրումն ունի շրջանավարտների կարիերայի աջակցման գործում: Ընկերությունը պրակտիկանտների սկսել է ակտիվորեն ներգրավել դեռ 2001-ից՝ այս տարիների ընթացքում մասնակից դարձնելով մի քանի տասնյակ ուսանողների: Ընդ որում, ընկերությունը շարունակում է ընդլայնել իր քաղաքականությունը՝ ընդգրկելով նաև ուսանողներ արտերկրից:

Այս տեսանկյունից «Բի Էս Սի»-ն համագործակցում է հայաստանյան համալսարանների (Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի), ինչպես նաև «Դեպի Հայք» կազմակերպության հետ: Վերջինս արտասահմանում ապրող հայ երիտասարդներին բերում է հայրենիք, որտեղ նրանք պրակտիկա են անցնում հայկական կազմակերպությունում. ներկայում այս ծրագրով ընկերությունն ունի մեկ ուսանող:

Պրակտիկան կազմակերպվում է անվճար հիմունքներով, ընկերությունը տարեկան ներգրավում է միջինում 4-5 ուսանող: «Բի Էս Սի»-ի մոտեցումն այստեղ հստակ է՝ շրջանավարտներին փոխանցել կուտակված փորձը՝ նրանց ներգրավելով անմիջականորեն աշխատանքային գործընթացում:
Ընկերությունը մոտ ապագայում պատրաստվում է ներդնել նաև կարճաժամկետ դասընթացներ, որոնք կօգնեն լրացնել բուհ-աշխատաշուկա հարաբերություններում եղած բացը՝ ինչպես մասնագիտական առումով, այնպես էլ ինքնակենսագրություն կազմելու, հարցազրույցին նախապատրաստվելու և այլ հարցերի շուրջ պրակտիկ խորհուրդների տեսքով:



Պրակտիկան փոխշահավետ «գործարք» է

Պրակտիկայի գործընթացը ձեռնտու է ինչպես ուսանողի, այնպես էլ կազմակերպության տեսանկյունից. այն փոխշահավետ «գործարք» է երկու կողմի միջև: Նախևառաջ, պրակտիկանտներ ներգրավելով՝ կազմակերպությունը որոշակիորեն լուծում է իր կադրերի համալրման հարցը: Շատ են դեպքերը, երբ պրակտիկայի ավարտին ուսանողին առաջարկվում է հիմնական աշխատանք ընկերությունում. «Բի Էս Սի»-ում այս պահին կա նմանատիպ երկու դեպք:

Բացի այդ, սա նաև մարքեթինգային լավ քայլ է ընկերության համար: Ուսանողը, անցնելով պրակտիկա ընկերությունում, դրական կարծիք է ձևավորելու նրա մասին, ինչը հետագայում տարածելու է իր նոր աշխատավայրում, իսկ հնարավորության դեպքում համագործակցության ուղիներ է փնտրելու ընկերության հետ:


Ի՞նչ են մտածում ուսանողները

Բուհ-աշխատաշուկա կապի ուսումնասիրությունն ամբողջացնելու նպատակով Banks.am-ը զրուցել է նաև մի քանի ուսանողների հետ, որոնք այդ պահին պրակտիկա էին անցնում «Բի Էս Սի»-ում:

Վարդանը Հայաստանի ամերիկյան համալսարանում սովորում է բիզնես ադմինիստրացիա, ինչպես նաև աշխատում է սեփական ստարտափի ստեղծման ուղղությամբ: Այս գաղափարի կյանքի կոչման համար ինձ անհրաժեշտ է ուսումնասիրել տեղի և արտասահմանյան շուկաները, որը և իրականացնում եմ «Բի Էս Սի»-ում»,- նշել է նա:



Հայկօն էլ Հայաստան է ժամանել Գերմանիայից՝ հատուկ պրակտիկա անցնելու նպատակով: Նա նշում է, որ չնայած ՀՀ-ում իր պրակտիկա անցնելու գլխավոր պատճառը հայրենիք այցելելն էր, այնուամենայնիվ, ինքը կկարողանա կիրառել ընկերությունում ձեռքբերած իր փորձը միջազգային կազմակերպությունում, որտեղ ցանկանում է աշխատել Ֆրանկֆուրտում ուսումն ավարտելուց հետո:

«Հայաստանում աշխատանքային գործընթացն ավելի հանգիստ է, մարդիկ ավելի ճկուն են պլանների իրականացման հարցում, իսկ Գերմանիայում ամեն ինչ պետք է ընթանա ըստ պլանի»,- նշում է նա՝ համեմատելով երկրների աշխատաշուկաները:

Ըստ Հայկօյի՝ Գերմանիայում աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քան այստեղ. միաժամանակ, հայրենիքում աշխատանքային միջավայրն ավելի մտերմիկ է ու ջերմ: Նա կարծում է, որ Հայաստանում ցանկության դեպքում կարելի է գտնել հետաքրքիր աշխատանք: Ուսանողի կարծիքով՝ այս հնարավորությունները գնալով շատանալու են:




Մոնիկան և Արսենը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներից են: Մոնիկան մեծ սպասելիքներ ունի իր պրակտիկայից: Նա ակնկալում է փորձնական գիտելիքներ ստանալ պրակտիկայի վայրում և հետագայում այն կիրառել աշխատանքի մեջ:

Արսենն էլ հավատացած է, որ «Բի Էս Սի»-ում անցած պրակտիկան օգտակար կլինի ինչպես իր, այնպես էլ ընկերության համար: Կարծում եմ, որ իմ կատարած աշխատանքը կարևոր և օգտակար կլինի ընկերության գործունեության համար: Շուկայի հետազոտությունը շարունակական և մշտապես թարմացվող աշխատանք է, իսկ լավ մշակված տվյալների բազայի վրա կարելի է հետագայում էլ ավելի արդյունավետ դարձնել ընկերության գործունեությունը»,- նշում է նա:

Հեղինակ` Սիրանուշ Սիմոնյան

No comments :

Post a Comment