September 19, 2016

«Չ» տառի չարիքը


Արդյո՞ք պատահական է, որ “չարիք” բառը սկսվում է “չ” տառով: Այս տառի նպատակային կամ աննպատակ օգտագործումը մեզ համար դարձել է իսկական աղետ: Քանի որ ազգովի ամեն ինչ ժխտում ենք, ապա “չ” տառը դարձել է ամենագործածելին: “Երկիրը երկիր չի”, “ժողովրդի ձեռքը փող չկա”, “աշխատանք չկա” և այլ նմանատիպ արտահայտությունները դարձել են մեր ամենօրյա խոսքի անբաժանելի մասը:


Այս ամենն ամենաարտահայտված ձևով է երևում մեր գործարարների շրջանում: Բիզնեսի տերմինաբանությամբ ասած, “չ” տառը վայելում է ամենամեծ պահանջարկը: Ես, գործի բերումով,  ամեն Աստծո օր առնչվում եմ այդ խնդրին` հանդիպելով նվազագույնը 3-4 գործարարի հետ: Վերջերս սկսեցի լուրջ ուշադրություն դարձնել նրանց խոսելաոճին և, ի զարմանս ինձ, հայտնաբերեցի, որ նրանք անթիվ-անհամար անգամներ օգտագործում են հենց այդ չարաբաստիկ տառը: “Գործ չկա”, “հաճախորդներ չկան”, “եղանակ չի անում, որ տուրիստ գա”, “կարգին աշխատող չկա”, “էլ չեմ կարողանում աշխատել”, “հնարավոր չի”, “վարկ չեն տալիս”, “պետությունը չի օգում”, “ավելի լավ է չխանգարեն” և այլն և այլն:



Այս առումով մի առաջարկ ունեմ, որի հիմքում ընկած է ամեն ինչում դրական մոտեցում ցուցաբերելը: Որ ամեն ինչում հնարավոր է դրականը գտնել հիմնավորվում է թե ժողովրդական ասացվածքներում, թե գիտության կողմից:



Օրինակ, ժողովուրդն է ասում “չկա չարիք, առանց բարիք”: Կամ, մաթեմատիկայում գոյություն ունի մոդուլի գաղափարը; Իմաստը կայանում է նրանում, որ մոդուլի ֆունկցիան կամայական թվի վրա կիրառելիս (անկախ նրանից թիվը բացասական է, թե դրական), արդյունքը միշտ ստացվում է ԴՐԱԿԱՆ:  Կամ տրամաբանության մեջ, երբ ժխտման ժխտումը բերում է ելակետային ասույթին կամ առաջնային պնդմանը: : Ժխտելով ‘չ” տառը (որը իրենից արդեն ժխտում է) գալիս ենք սկզբնակետին (ինչ անել, որ առաջ գնանք), որն ավելի լավ է, քան ժխտումը:



Օրինակ, “հաճախորդներ չկան” ասելու փոխարեն, մտածենք, թե ինչպես ներգարվենք այդ հաճախորդներին: Դա հնարավոր է, նույնիսկ ճգնաժամի պայմաններում: “Կարգին աշխատող չկա” կարգախոս դարձած արտահայության փոխարեն, մեր փորձն ու գիտելիքները կիսենք նրանց հետ կամ վարենք խելացի կառավարում: Անընդհատ “վարկ չեն տալիս” ասելու փոխարեն փորձենք հավաքագրել մեր դեբիտորական պարտքերը:



Մի երևանցի գործարար շատ զարմացավ երբ ես իրեն անվանեցի իր անձի համար առաջին չկամեցողը: Այս դեպքում ես օգտագործեցի այդ չարաբաստիկ ‘չ” տառը, որպեսզի նա ինձ հասկանար, քանի որ ինքն էր անընդհատ կրկնում “չի ստացվում”, “չեմ հասցնում”, “չեմ կարող”, “ճանապարհ չկա” և այլն: Նա իր շուրջը ստեղծել էր “չ-միջավայր”: Նա ինքն իրեն, իր կամքով դարձրել էր “չ”-ի գերին: Այդ գործարարի ասելով, իր մոտ ոչինչ իչ ստացվում: Ես առաջարկեցի, իսկ եթե մտածենք այն մասին, թե ինչ անենք, որպեսզի մի բան ստացվի: Իսկապես ափսոս է այն էներգիան, ժամանակը, նյարդերը, որ ծախսվում են “չ”-ի վրա:


Պետք է խուսափել “չ” տառով արտահայտություններից: “Հնարավոր չի” ասելու փոխարեն ավելի լավ է փնտրենք հնարավորություններ, “չգիտեմ” ասելու փոխարեն` մտածենք, թե ինչպես կարելի է իմանալ: Հայ բիզնեսմեններն ուրիշ են, մենք դա կարող ենք: Իհարկե, այստեղ խոսքը Հայոց Այբուբենի “Չ” տառի մասին չէ: Ուղղակի մտածելակերպի հարց է: Իսկ այս տիպի մոտեցումը բերում է նաև մտածելակերպի փոփոխության, որը մեզ այսօր պետք է ավելին, քան օդն ու ջուրը: 

No comments :

Post a Comment