August 15, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 4

Այս տարի բերքն առատ է, ամենուրեք և բոլոր տեսակի մրգերի և բանջարեղենների: Սակայն բավականին լուրջ խնդիր կա` կապված խոտի հետ: Անձրևային ամառվա պատճառով խոտի քանակությունը բավականին քիչ է` համեմատած նախորդ տարվա հետ: Ու բնականաբար գները աճում են: Օրինակ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանում (երեկ այնտեղ էի գործերով) այս տարի մեկ տուկ խոտն արդեն վաճառվում է 1500 դրամով, այն դեպքում, երբ անցյալ տարի գինը եղել է 500-600 դրամ:

Խոտի սակավությունը և թանկությունը բերում են անասնագլխաքանակի կտրուկ նվազման: Գյուղացիները սկսել են իրենց կովերը մորթել, քանի որ չեն կարողանում համապատասխան քանակի խոտ կուտակել: Որպես արդյունք թարմ մսի մեծածախ գինը նվազել է: Մի քանի շաբաթ առաջ առևտրականները գյուղացիներից միսը ձեռք էին բերում մոտ 1800 դրամով, իսկ հիմա այդ գինը նվազել է ընդհուպ մինչև 1200 դրամ: Բայց ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, մեծածախ գները նվազում են, իսկ մանրածախ գինը, որը վճարում են սպառողները, մնում է նույնը:

August 10, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 3


Շատ հետաքրքիր շաբաթ ստացվեց: Այն սկսեցի Բագրատաշենում, իսկ շաբաթվա երկրորդ կեսն անցկացրի Մեղրիում: Հայաստանի հյուսիսային կետից մինչև հարավային դարպասներ մոտ 600կմ է: Նորմալ ճանապարհների դեպքում կարելի էր մոտ 7-8 ժամում անցնել այդ ճանապարհը, բայց իհարկե ոչ Հայաստանի ճանապարհներով:

Գաղտնիք չէ, որ ճանապարհները կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման գործում, իսկ ինչպիսի՞ն են Հայաստանի ճանապարհները:

Ճանապարհների որոշ հատվածներ այնքան ալիքավոր ու անհարթ են դառնում, որ կարծես ընթացքում փչացած կարուսել նստած լինես: Մասնավորապես` Գորիս-Սիսիան ճանապարհի մի քանի տեղանք շատ վատ վիճակում է` տեղ-տեղ քանդված հատվածները ամիսներ շարունակ չեն նորոգվում: Օրինակ, Սևան-Դիլիջան թունելից մինչ Դիլիջան տանող և քաղաքի մեջ գտնվող ճանապարհները ուղղակի աղետալի վիճակում են: Տարօրինակ է, քանի որ այն միջպետական ճանապարհ է: