Այս տարի բերքն առատ է, ամենուրեք և
բոլոր տեսակի մրգերի և բանջարեղենների: Սակայն բավականին լուրջ խնդիր կա` կապված
խոտի հետ: Անձրևային ամառվա պատճառով խոտի քանակությունը բավականին քիչ է`
համեմատած նախորդ տարվա հետ: Ու բնականաբար գները աճում են: Օրինակ Ամասիայի և
Աշոցքի տարածաշրջանում (երեկ այնտեղ էի գործերով) այս տարի մեկ տուկ խոտն արդեն
վաճառվում է 1500 դրամով, այն դեպքում, երբ անցյալ տարի գինը եղել է 500-600 դրամ:
Խոտի սակավությունը և թանկությունը
բերում են անասնագլխաքանակի կտրուկ նվազման: Գյուղացիները սկսել են իրենց կովերը
մորթել, քանի որ չեն կարողանում համապատասխան քանակի խոտ կուտակել: Որպես արդյունք
թարմ մսի մեծածախ գինը նվազել է: Մի քանի շաբաթ առաջ առևտրականները գյուղացիներից
միսը ձեռք էին բերում մոտ 1800 դրամով, իսկ հիմա այդ գինը նվազել է ընդհուպ մինչև
1200 դրամ: Բայց ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, մեծածախ գները նվազում
են, իսկ մանրածախ գինը, որը վճարում են սպառողները, մնում է նույնը:
Ինձ թվում է` գյուղնախարարությունը
պետք է միջամտի այս զարգացումներին: Պետք չէ սպասել ու հետո կանգնել փաստի առաջ:
Հիմա արդեն պարզ է, թե ինչ զարգացումներ են լինելու: Պետք չէ ուղղակի ասել, թե
մասնավոր հատված է, մենք չենք կարող միջամտել: Պետք է միջամտել ու անհապաղ: Գյուղատնտեսությունը
այն ոլորտն է, որտեղ ոչ թե պետք է միայն դիտել ու գրանցել, այլ նաև ազդել: Չէ՞ որ
թանկացումները ազդում են ողջ բնակչության վրա: Բացի այդ անասնագլխաքանակի նվազումը
1-2 տարվա ընթացքում չի վերականգնվում: Իսկ սա երկրի սննդի անվտանգության
խնդիր է: Ոչ ավել, ոչ պակաս` երկրի անվտանգության խնդիր…
Լուսանկարը` Նարեկ Հարությունյանի
No comments :
Post a Comment