March 6, 2012

Քոուչինգի նպատակները


Քոուչինգը համեմատաբար նոր երևույթ է Հայաստանում և քիչ թե շատ  տարածված է խոշոր ընկերություններում, հատկապես այն ընկերություններում, որոնք ունեն հաստատված գործնական կապեր արտասահմանյան շուկայի հետ: Զարմանալի չէ, որ քոուչինգը հաճախ շփոթում են հոգեբանական կամ բիզնես խորհրդատվության հետ: Այն խորհրդատվության և կառավարման բոլորովին այլ ուղղվածություն ունի:

Քոուչինգը իր մեջ ներառում է երկու հիմնական ուղղություն`

1. Քոուչինգը` որպես խորհրդատվության տեսակ
2. Քոուչինգը` որպես կառավարման ոճ

Եկեք նախևառաջ քոուչինգը դիտարկենք որպես խորհրդատվության տեսակ: Այստեղ հարկավոր է  առանձնացնել բիզնես քոուչինգ և լայֆ-քոուչինգ: Առաջինը ենթադրում է հաճախորդի կողմից բիզնեսի բնագավառում քոուչինգի միջոցով տարբեր խնդիրների լուծում: Լայֆ-քոուչինգը իր հերթին ենթադրում է կենսական խնդիրների լուծում և նպատակների իրականացում:

Թերևս այս դասակարգումը պայմանական բնույթ է կրում, քանի որ բիզնեսը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում, բայց, միևնույն ժամանակ, այս տարանջատումն ինչ-որ չափով էական է` հաշվի առնելով այն փաստը, որ իրականում բիզնեսը և անձնական կյանքը տարանջատվում են միմյանցից:  Բիզնես քոուչինգ իրականացվում է ինչպես անհատների, այնպես էլ խմբի համար:

Քոուչինգը` որպես խորհրդատվության տեսակ, իրենից ներկայացնում է զրույցների շարք քոուչի և հաճախորդի միջև, որի ընթացքում քննարկվում են հաճախորդին հետաքրքրող թեմաները և խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներ են մշակվում: Հնարավոր է, որ հաճախորդն արդեն իսկ ունի լավագույն լուծումը, բայց չի նկատում այն: Այս դեպքում քոուչը ընդամենը օգնում է հաճախորդին` գտնելու այդ լուծումը:

Տեխնիկապես այս քոուչինգը հետևյալ տեսքն ունի` առաջին հանդիպմանը քոուչը և հաճախորդը պայմանագիր են կնքում` մանրամասն քննարկելով հետագա համագործակցության բոլոր դրույթները: Այնուհետև քոուչինգի ընթացքում քոուչը հարցերի միջոցով բացահայտում է հաճախորդին հետաքրքրող թեմաների պատասխանները:

Բնական է, որ այդ հարցերն ունեն սահմանված մեթոդաբանություն, որոնք հաճախորդին թույլ են տալիս գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները և խնդիրների լուծումը: Հարկավոր է նշել, որ ոչ թե քոուչն է գտնում այդ լուծումները, այլ հենց հաճախորդը, քոուչը իրեն միայն օգնում է այդ հարցում:

Քոուչինգի այս տեսակը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասնել առավել մեծ արդյունքների թե' բիզնեսում, և թե' կյանքում: Այն ակտուալ է բոլոր նրանց համար, ովքեր իրենց մեջ հեռանկար են տեսնում և ձգտում են զարգացնել այն: Քոուչինգը նաև կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են առավելագույնս հաջողության հասնել իրենց գործունեության բոլոր բնագավառներում: Ճիշտ կառուցել կարիերան, հասնել փոխըմբռնման հասարակության հետ, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, բարելավել սեփական կյանքը – սա միայն մի քանի դրույթներ են, որ հնարավոր է իրականացնել քոուչինգի միջոցով:
Այլ խոսքերով, քոուչինգը արդյունավետ է բոլոր բնագավառներում:

No comments :

Post a Comment