September 8, 2017

Ամառը թեժ ստացվեց: Սկսվեց Գյումրիում, ավարտվեց Գորիսում: Հիմնական այցելությունները կապված էին 2 թեմայի հետ. Վաճառքի և սպասարկման թրեյնինգներ և խորհրդատվություն մասնավոր ընկերություններին, ինչպես նաև սկսնակներին և սեփական բիզնես հիմնադրած անձանց աջակցություն և դասընթացներ Հայաստանի բոլոր մարզերում: 

Երեք ամսում 7,000+ կմ և մոտ 100 ժամ մեքենայի ղեկին՝ շրջելով Հայաստանի բոլոր մարզերով (բացի Արցախից, ուր ձմեռը արդեն եղել էի): Իմ կողմից այցելած համայնքների թիվը ավելացավ 52-ով՝ դառնալով 880: Մնաց 35 գյուղ (հիմնականում Ամասիայի, Մեղրու, Աշոցքի և Վարդենիսի տարածաշրջաններում ), որպեսզի վստահորեն ասեմ, որ 23 տարվա ընթացքում եղել եմ Հայաստանի բոլոր 915 համայնքներում: Թվերը մի կողմ, բայց կարևորը մարդիկ են: Մարդիկ, ովքեր ապրելով հեռավոր գյուղերում, փոքր քաղաքներում, չնայած բոլոր դժվարություններին փորձում են ստեղծել, արարել, առաջ գնալ ու զարգանալ: Մենք էլ անում ենք ամեն ինչ նրանց համար նարավորություններ ստեղծելու համար:

Առաձին կուզեի 2017թ. օգոստոսի մասին խոսել, որը էապես տարբերվեց անցած 20 տարիների օգոստոսներից՝ իր գործարար ակտիվությամբ: Փաստ է, որ այս տարվա օգոստոսի աշխատանքների ծավալը հավասարվեց ամենաակտիվ ամսիներին, չնայած անցյալ տարիներին շատ ցածր էր կամ հավասարվում էր զրոյի: Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ իմ համարյա բոլոր ընկեր, գործընկերների, ովքեր նույնպես վկայում են օգոստոսի ակտիվության մասին: Սա շատ լավ նշան է, որ հայերովս «մեզ չենք անջատում» օգոստոսին ու աշխատում ենք: Ավելի քչերն են սկսել ասել «գործ չկա», «անելու բան չկա»: Դե ուրեմն, այս լավատեսական տրամադրությամբ դեպի էլ ավելի ակտիվ աշուն, որտեղ մեզ շատ հնարավորություններ ու մարտահրավերներ են սպասում:
#ՀայաստանիՃամփեքին #ԹեժԱմառ# ՔոՍեփականԲիզնեսըՀայաստանում 

No comments :

Post a Comment