Սեպտեմբերի 5-ին
տեղի ունեցավ «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառումը: Ծրագիրն իրականացվել է «Բի Էս Սի» Բիզնեսի
Աջակցման Կենտրոնի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) Ձեռնարկությունների
զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ֆինանսավորմամբ:
Միջոցառմանը ներկա
էին մասնակից 16 ուսանողները Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանից, ներկայացուցիչներ
պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններից, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրից և այլ
կազմակերպություններից:
Միջոցառման ընթացքում
ներկայացվեցին ծրագրի փուլերը, ամփոփվեցին ծրագրի գնահատման արդյունքները, մասնակից
ընկերություններին և ուսանողներին շնորհվեցին վկայականներ և շնորհակալագրեր: Միջոցառման
հյուրերին բաժանվեց ուղեցույց-ձեռնարկ` արտադրական պրակտիկայի ճիշտ կազմակերպման և
իրականացման վերաբերյալ:
Մասնակից ուսանողներից
երեքը` Սիրուշ Մովսիսյանը, Սեդա Եղյանը և Մարիամ Մեկբեկյանը ստացան հատուկ մրցանակներ
«նվիրված վերաբերմունքի», «ակտիվ մասնակցության» և «պարտաճանաչ վերաբերմունքի» համար:
«Ուսանողների աշխատանքի
տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագիրը մեկնարկել է 2013թ.
մարտ ամսին: Ծրագրի հիմնական նպատակն է պրակտիկայի «օրինակելի» մոդելի կիրառման շնորհիվ
ստեղծել առավել ամուր կապ կրթական հաստատությունների և գործատուների միջև` խթանելով
երիտասարդների շրջանում աշխատանքի տեղավորման հնարավորությունները:
Նախքան ծրագրի մեկնարկը
Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի հետ ձեռք է բերվել համաձայնություն` ծրագրի
շրջանակներում աշխատել համալսարանի տարբեր ֆակուլտետների 50 ուսանողների հետ:
Ներգրավված 50 ուսանողների
հետ իրականացվել են հանդիպումներ, սեմինար-քննարկումներ, դասընթացներ և անհատական աշխատանքներ`
նախապատրաստելու նրանց առաջիկա պրակտիկային և ապահովելու պրակտիկայի արդյունավետությունը:
Իրականացված աշխատանքների արդյունքում ուսանողների ձեռք բերված գիտելիքները և բիզնես
հմտությունները միտված են օգնելու նրանց նաև հետագայում` աշխատանքի տեղավորման և կարիերայի
զարգացման հարցում:
Միևնույն ժամանակ
ծրագրի շրջանակներում պրակտիկանտներին «հյուրընկալող» ընկերությունների ընտրության
համար հանդիպումներ և քննարկումներ են իրականացվել սննդի վերամշակման ոլորտի մոտ
20 ընկերությունների հետ:
Նշված 50 ուսանողներից
ընտրվել են 19-ը, ովքեր 2 ամիս շարունակ անցել են իրենց արտադրական պրակտիկան ընտրված
9 տարբեր ընկերություններում Երևանից և ՀՀ տարբեր մարզերից (Կոտայք, Արմավիր, Արագածոտն,
Արարատ): Ուսանողները ակտիվորեն ներգրավված են եղել ընկերության տարբեր աշխատանքներում`
պահածոյի արտադրություն, շուկայի հետազոտություն, ապրանքի սերտիֆիկացում, և այլն:
Պրակտիկայի
ընթացքը վերահսկվել և գնահատվել է ծրագրի պատասխանատուների կողմից` ապահովելու ծրագրի
արդյունավետությունը և պլանավորված աշխատանքների պատշաճ իրականացումը:
No comments :
Post a Comment