Հայերը միշտ էլ սիրել են գիրք գնել: Շատերի բնակարաններում հավասար շարքերով դասավորված գրքերը ինտերիերի կարևոր ատրիբուտներից են: Այդ գրքերի մի մասը մարդիկ նաև կարդում էին: Կարդում էին, երազում նմանվել հերոսներին: Ռոմանտիկան առաջ էր, իսկ հիմա...
Իսկ հիմա չոր փաստեր: Հիմա գրքերը դիտարկվում են կիրառական տեսանկյունից: Վերցնենք բիզնեսի վերաբերյալ գրքերի օրինակը. մենք սիրում ենք կարդալ, սովորել, զարգանալ և փորձել կիրառել այն գիտելիքները, որ ստացել ենք գրքից:
Եթե ուզում ենք զբաղվել մարքեթինգով, ապա հիշում ենք Կոտլերին (Philip Kotler): Եթե մեզ հետաքրքրում են մենեջմենթի հարցեր, ապա շտապում ենք ձեռք բերել Դրաքերի (Peter Drucker) գրքերից մեկը, իսկ անհատական կարողությունների զարգացման համար անմիջապես դիմում ենք Սթիվեն Կովիի (Steven Cow) օգնությանը:
Բիզնեսի վերաբերյալ գրքեր գնում են անհատները, ովքեր ցանկանում են սկսել իրենց բիզնեսը (իսկ ամեն հայ երազում է ունենալ իր սեփական բիզնեսը), հաջողակ և ձախողված գործարարները, թիմային խնդիրներով տառապող անձնակազմի պատասխանատուները և, իհարկե, ուսանողները:
Ուսանողների հարցը առանձին զրույցի առարկա է: Ուսանողները կարդում են այն, ինչ պարտադրվում է: Կարդում են ուզած, թե չուզած: Կարդում են քննություն տալու և հաջորդ կուրս տեղափոխվելու նպատակով: Իսկ միգուցե կարդալ նաև այն, ինչն օգտակար է, ժամանակակից է և կիրառելի:
Ցավոք սրտի, վերջին տարիներին նկատվել է բիզնես գրքերի վաճառքի անկում, որի հիմնական պատճառներից են հանդիսանում ինտերնետի արագընթաց զարգացումը և գիտելիքի նկատմամբ հետաքրքրության նվազումը:
Իսկ ի՞նչ լեզուներով են այդ գրքերը: Ռուսերեն, անգլերեն…միայն ոչ հայերեն: Բարեբախտաբար, վերջին տարիներին գրախանութներում հայտնվել է հայերեն լեզվով բիզնես գրականություն: Դրանք հիմնականում թարգմանություններ են, որոնք, ցավոք սրտի, հիմնականում անհաջող են: Կան նաև որոշ բրոշուրներ` գրված անհատական նախաձեռնությամբ: Սակայն, նախաձեռնությունն արդեն գովելի է: Մեզ պետք են հայերեն լեզվով, հայկական շուկային համապատասխան գրքեր` հայկական օրինակներով:
Գիրքը պետք է կարդալ, գրքից պետք է սովորել, գրքի տված գիտելիքը պետք է կիրառել: Այլապես գիրքը միայն կլինի մեր բնակարանի կամ գրասենյակի անկյունը գեղեցկացնող ատրիբուտ: Ոչ թե բովանդակության, այլ ձևի համար: Մենք սիրում ենք գիրք գնել...
Լավ խորհուրդ է: Շատ կարդացեք: Անընդհատ կարդալով դուք շատ բան ձեռք կբերեք: Բայց ցավոք, որոշ գրքեր նույնիսկ ռուսերեն թարգմանված չեն: Վերջերս Ֆորբսը հրատարակեց Բիզնես 10 լավագույն գրքերը: Առաջին տեղում Ուորեն Բաֆֆեթի գրքերից մեկն էր: Բայց դրանցից 2 կամ 3-ն են կարծեմ ռուսերեն թարգմանված:
ReplyDeleteՄի այսպիսի պատմություն կա: Ֆրանսիայի թագավորը իր պալատականներից մեկին հարցնում է, թե արդյոք նա տիրապետում է իսպաներենի: Պալատականը կարծելով, որ իսպաներենի իմացության պարագայում կարող է նշանակվել դեսպան այդ երկրում, գիշեր-ցերեկ պարապելով, մի կերպ սովորում է և մի քանի ամիս անց պարծենում թագավորի մոտ իր իսպաներենի իմացությամբ: Իսկ թագավորն ասում է, երանի քեզ Սերվանտեսի Դոն Կիխոտը բնագրով կարող ես կարդալ: Այնպես որ որոշ գրքեր կարելի է ռուսերեն, իսկ որոշները նաև անգլերեն լեզվով կարդալ: Ավելի հետաքրքիր է բնագրով կարդալը:
ReplyDelete