May 17, 2011

Զարգացո՞ւմ, թե՞ լճացում


Գյուղատնտեսությունը բաղկացած է մի քանի ենթաոլորտներից, որոնցից ամենագրավիչներից մեկը ջերմոցային տնտեսություններն են:  Մինչև 1980-ականները այս ճյուղը բավականին զարգացած էր Խորհրդային Հայաստանում: Խորհրդային Հայաստանի վերջին տասնամյակում, սակայն, այդ ոլորտն անկում ապրեց` իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության հետևանքով: Ջերմատնային տնտեսությունները սկսեցին զարգանալ անկախության առաջին տարիներից: Սակայն նորանոր խոչընդոտները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում ենթաոլորտի զարգացման համար: Հիմնական խոչընդոտը ջերմոցներում օգտագործվող ներկրվող տնկիների և սածիլների համար սահմանված մաքսատուրքն ու սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ն է:


Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ֆերմերը Հայաստան է ներմուծում 10 մլն-ի արժողությամբ ծաղկի սածիլ, ու սահմանի վրա նրանից գանձվում է մոտ 3.2 մլն, որը գոյանում է 10% մաքսատուրքի, 20% ԱԱՀ-ի և այլ վճարների հաշվին: Այսինքն՝ սահմանի վրա ֆերմերից գանձվում է մի գումար, որը կարող էր օգտագործվել արտադրության մեջ: Այդ գումարը սահմանի վրա վճարելուց հետո ֆերմերը սկսում է փնտրել վարկային միջոցներ, որպեսզի հոգ տանի, խնամի, պարարտացնի և ջերմացնի սածիլը և մի քանի ամիս անց բերք ստանա:
Իրավիճակն այնքանով է անբարենպաստ ֆերմերների համար, որ նրանք ծայրահեղ անպաշտպան են և իրենց վրա են վերցնում բոլոր բնական և արհեստական ռիսկերը: Ըստ «Ջերմատնային ասոցիացիայի» տվյալների՝ հայտնի են մի շարք դեպքեր, երբ, օրինակ, պարտքերի պատճառով «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները ձմռան ամիսներին դադարեցնում են գազի մատակարարումը բերքով լի ջերմատներին` ֆերմերին ամբողջովին զրկելով բերքից: 
Պետք է նշել, որ արտասահմանյան մի շարք երկրների (Նիդեռլանդներ, Իտալիա, Իրան, Չինաստան, Ավստրիա և այլն) ներդրողների հետաքրքրությունը հայկական ջերմատնային ոլորտի նկատմամբ բավական մեծ է: «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի և «Ջերմատնային ասոցիացիայի» համատեղ ուժերով մշակված «Հայաստանում ջերմատնային ծաղկաբուծության և ծաղիկների արտահանման զարգացման ծրագիրը» լրացուցիչ խթան է նրանց հետաքրքրությունները բավարարելու առումով: Սակայն բախվելով ներկրվող սածիլների և տնկիների ինվոյսային արժեքի 32%-ի՝ սահմանի վրա գանձման խնդրին` նրանց հետաքրքրությունները ոչ թե նվազում են, այլ ընդհանրապես անհետանում: Ներդրողի համար անհասկանալի է այն իրավիճակը, երբ գյուղատնտեսական արտադրանքի համար նախատեսված ներկրվող հումքի հարկը (տվյալ դեպքում՝ ԱԱՀ-ն) գանձվում է մինչ այն արտադրության մեջ օգտագործելը:
Այս իրավիճակը կտրուկ փոխելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը մեկ քայլ: Այն է` իրականացնել փոփոխություններ որոշ օրենսդրական ակտերում, մասնավորապես.
ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածում կատարել փոփոխություն, որով ներմուծվող-արտահանվող կենդանի ծառերի և այլ բույսերի, սոխուկների, արմատների և բույսերի նմանատիպ այլ մասերի, կտրված ծաղիկների և դեկորատիվ կանաչի ներմուծման կամ արտահանման մաքսատուրքերը սահմանել 0-ական դրույքաչափերով։ Նույն ապրանքային խմբին նաև անհրաժեշտ է  ազատել ավելացված արժեքի հարկից։
Կշեռքի նժարներին դրված է երկու հարց: Մի կողմից, եթե իրավիճակը պահպանվի, ապա կունենանք բյուջե մուտք արվող տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ, որը գոյանում է սահմանի վրա տնկիների և սածիլների ներմուծումից գանձվող մաքսատուրքից և ԱԱՀ-ից: Սա կարճաժամկետ, զարգացում չխոստացող սցենար է: Մյուս կողմից՝ այս օրենսդրական փոփոխությունները կարող են կտրուկ աշխուժացնել ջերմատնային ենթաոլորտը՝  ապահովելով.
1.    հազարավոր աշխատատեղեր ոչ միայն ջերմատնային ենթաոլորտում, այլև մատակարարման շղթայի բոլոր օղակներում, 
2.    ուղղակի ներդրումների հոսքերի աճ,
3.    արտահանման ծավալների կտրուկ ավելացում,
4.    դիվերսիֆիկացված ենթաոլորտ (ծաղիկների և դեկորատիվ բույսերի բազմազանություն),
5.    մատակարարման շղթայի զարգացում՝ ի դեմս պահեստավորողների, տրանսպորտային ընկերությունների, փաթեթավորողների, մեծածախ վաճառականների և այլն,
6.    հարկերի ավելացում պետական բյուջե` եկամտահարկի, շահութահարկի, ԱԱՀ-ի և այլ հարկատեսակների գծով:
Ինչպես տեսնում եք, երկրորդ տարբերակը ռազմավարական առումով անվիճելի առավելություններ ունի: Ժամանակին այս ճանապարհն են ընտրել այն երկրները, որոնք ներկայում ոլորտի անվիճելի համաշխարհային առաջատարներն են (Նիդեռլանդներ, Իսրայել, Կոլումբիա): Այս ճանապարհն են ընտրում այն զարգացող երկրները, որոնք լուրջ  հավակնություններ են ցուցաբերում այդ առաջատարների կողքին տեղ գրավելու համար (Էկվադոր, Քենիա):
Ընտրության իրավունքը տրված է ՀՀ կառավարությանը: Պահպանել ներկայիս լճացած, անհեռանկար իրավիճա՞կը, թե՞ զարկ տալ ջերմատնային տնտեսությունների զարգացմանը` ի նպաստ ֆերմերիների, սպառողների և, իհարկե, պետության:

No comments :

Post a Comment