August 22, 2011

“Չ” տառի չարիքը - 2-րդ մաս

Երեկ պատահաբար հանդիպեցի դպրոցական դասընկերոջս: 10-12 տարի կլինի չէինք հանդիպել: Խոսեցինք դեսից-դենից, ու պարզվեց, որ 10 օրից լքում է Հայաստանը: Համարյա ընդմիշտ: Շատ ափսոսեցի; Մաթեմատիկայի ուսուցիչ, խելացի ու բանիմաց մարդ: Ընկերոջս մեկնաբանությամբ գնալու պատճառը մեկն է.

-         Հայաստանում հնարավոր չէ 4 հոգանոց ընտանիքի հանապազօրյա հացը ապահովել ուսուցչի աշխատավարձով: Ուղղակի հնարավոր չէ: Այս երկիրը երկիր չի, քանի որ ուսուցիչներին ուղղակի անտեսում է: Միլիոնավոր դոլարներ են ծախսվում այսպես կոչված կրթական բարեփոխումների համար, իսկ ուսուցիչներին վճարում են ծիծաղելի աշխատավարձ:

Շատերը կհամաձայնվեն ընկերոջս հետ և կհիմնավորեն իր ասածը բազմաթիվ իրական և մտացածին փաստերով: Ու այդ հիմնավորումներում, ինչպես և ընկերոջս խոսքում, գերիշխում է այդ չարաբասիկ “Չ”-ն:

Հիմա փորձենք հարցին այլ տեսանկյունից նայել: Արդյոք ընկերս դասավանդելու± է նույն մաթեմատիկան այն երկրում, ուր գնում է: Հավանաբար կամ հաստատաբար ոչ: Լեզու, տվյալ երկրում աշխատանքային փորձի բացակայություն, այդ երկրի երեխաների ազգային առանձնահատկությունների իմացության պակաս և այլն: Նա աշխատելու է այլ ոլորտում, ավելի շուտ ֆիզիկական ուժ պահանջող:

Ինձ թվում է նա գնում է ոչ թե հացի խնդիր լուծելու, այլ այդ քայլով բողոքում է անարդարության դեմ: Սակայն, անարդարության դեմ բողոքելու այլ, ավելի արդյունավետ ձևեր էլ կան: Ինչու՞ բողոքել մի բանից, ինչը նույնն է մնալու ևս մի քանի տարի: Մի գուցե մենք փոփոխվենք, որը կլինի մեր պատասխանը այսօրվա ամեն ժամ փոփոխության ենթակա աշխարհում: Ասենք, նոր մասնագիտության ձեռք բերում` օգտագործելով այդ նույն մաթեմատիկական տրամաբանությունը, խելքը, գիտելիքը: Օրինակ, նա հանգիստ կարող է դառնալ հիանալի հաշվապահ, որը այսօր մեծ պահանաջարկ ունեցող մասնագիտություն է: Կամ, հարկային խորհրդատու: Կամ, բանկերից մեկում աշխատի որպես ֆինանսական վերլուծաբան: Իհարկե, պետք է նոր գիտելիքներ ձեռք բերել, դիմել այդ աշխատաքին, հարցազրույց անցնել: Դժվար է: Ընկերս ասում է “չեմ կարող”, “էլ առողջություն չունեմ”, “առանց ծանոթի չեն ընդունի” և այլն: Տեսեք ինչքան “չ”-եր կան: “Չ”-ի պատճառով ինչքան հայեր են լքում Հայաստանը:
Մի գործընկեր ունեմ, ով ավարտել է պոլիտեխնիկը` ինժիներ մասնագիտությամբ, իսկ այժմ աշխատում է բանկում որպես ռիսկերի կառավարման մասնագետ: Իմ համակուրսեցին, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց մի քանի տարի անց (90-ականներին ծրագրավորող մասնագիտության պահանջարկը ցածր էր) սովորեց հաշվապահություն և հիմա աշխատում է մի մեծ ձեռնարկությունում` ստանալով բարձր աշխատավարձ: Մեկ ուրիշն էլ սկսել է իր սեփական բիզնեսը: Օրինակներ շատ կան: Իհարկե, դժվար է, բայց ոչ անհնար;
Բոլոր այս մարդիկ հաջողության են հասել “չ”-ին ժխտելով: Իմ դասընկերը հաստատ նրանցից վատը չէ: Ուղղակի պետք է վերապատրաստման, վերամասնագիտացման, նոր գիտելիքների ձեռք բերման ցանկություն: Իսկ երբ ցանկությունը չկա, օգտագործվում է բազամթիվ “չ”-երը` իր քայլը հիմնավորելու համար: Ցանկությունը առաջին քայլն է:  Պետք է գործողությունների դիմել: Իսկ ցանկության և կոնկրետ գործողությունների առկայության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է:

Ընկերս կարող էր շատ լավ հաշվապահ դառնալ...եթե մնար Հայաստանում...

No comments :

Post a Comment