Մենք` հայերս, սիրում ենք տեղի-անտեղի ասել.ես սա գիտեմ, դե դա ես վաղուց գիտեի, ինչ է, դու չգիտեի՞ր:
Սա հոգեվիճա՞կ է, թե՞ սեփական ԵՍ-ը հաստատելու միջոց: Ո՞վ գիտե, գուցե դա այսպես է: Գուցե և այդպես է, սակայն…
Մի խելացի գործարար մարդ ժամանակին ասել է «Եթե դու այդքան խելացի ես, ապա ինչու՞ հարուստ չես»: Ասողը հաստատ հայ չէ: Ո՞ր հայ գործարարը կասի «Ես սա չգիտեմ, պետք է սովորեմ»:
Ես ինք ինձ ժխտեմ: Բարեբախտաբար կան այդպիսի հայեր, ովքեր ձգտում են սովորել: Կան, սակայն քիչ են: Քիչ են, սակայն որակ են կազմում: Հաստատ:
Մեր գործարարների ցավոտ կողմն է ընդունել, որ գիտելիքի կարիք ունեն: Ընդունեն, որ ինչ որ բան չգիտեն: Մինչ մենք ասում ենք, թե ամեն ինչ գիտենք, մարդկությունը առաջ է գնում: Այն էլ մեծ քայլերով: Իսկ առաջ են գնում միայն սովորելով:
Չգիտեմ, թե որ հեռատես կումունիստի խելքին է փչել «Սովորել, սովորել, սովորել» ասույթը վերագրել Լենինին: Բայց դա կարևոր չէ: Կարևորը այն է, որ լավ է ասված: Իսկ մենք ծաղրում ենք, ասելով, թե Լենինի խոսքերն են: Ինչպես միշտ, կենտրոնանալով ձևի վրա, մոռանում ենք բովանդակությունը:
Դե որ Լենինն էլ բարեբախտաբար հայ չէ, դա բոլորս գիտենք: Դե իհարկե, գիտենք: Հնարավոր չէ չիմանանք: Մենք ամեն ինչ գիտենք…
Ամեն ինչ իմանալու համար սովորել է պետք: Սովորել ոչ թե դիպլոմ ունենալու, այլ գիտելիք ստանալու համար: Կարդալով, խորհուրդ հարցնելով, կատարված սխալները վերլուծելով...
Թե չէ, ես ամեն ինչ գիտեմ…
No comments :
Post a Comment