Showing posts with label negotiations. Show all posts
Showing posts with label negotiations. Show all posts

November 9, 2016

Կառավարենք հարաբերությունները հաճախորդների հետ

Հաճելի և ոգևորիչ է տեսնել, որ այսօր Հայաստանում արդեն կիրառվում է այսպես կոչված հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը` CRM-ը:
Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում ևս դասական մարքեթինգից աստիճանաբար անցում է կատարվում դեպի ժամանակակից մարքեթինգ, որի հիմքում ընկած են հաճախորդների հետ հարաբերությունները:

CRM-ը հսկայական համակարգ է, որի վերջնական նպատակն է ունենալ մշտական հավատարիմ հաճախորդներ: Ըստ CRM-ի տեսության` հաճախորդները անցնում են հետևյալ փուլերով.

October 7, 2016

Բանակցելով ավելացրեք վաճառքները

Մեր բիզնես բլոգի ընթերցողներին հետաքրքիր նյութեր ներկայացնելու, իրենց առօրյա գործունեության մեջ ինչոր չափով օգնելու համար որոշեցինք խոսել մի շատ կարևոր թեմայի մասին: 
Հայաստանում բիզնես միջավայրը հետզհետե ավելի է զարգանում, և ոլորտում մնում են միայն լավ պատրաստված մասնագետները և գործի գիտակները:

Հաջողության կարևոր գրավականներից մեկը դառնում է ճիշտ բանակցելու և բանակցությունները ճիշտ վարելու կարողությունը: Բանակցություններին ճիշտ ընթացք տալը և հաջող գործարք ունենալը պահանջում է նախևառաջ մարդկային հոգեբանության խորը իմացություն: Սակայն այստեղ կներկայացնենք մի քանի առանցքային կետեր, որոնք բանակցող երկու կողմերին էլ կօգնեն ստանալ ցանկալի արդյունք:

Բանակցությունների գնալուց առաջ մանրակրկիտ պատրաստվեք: Պատրաստությունը բանակցությունների 90%-ն է: Նախ հասկացեք ինքներդ ձեզ, լավ ուսումնասիրեք ձեր առաջարկը, հնարավոր առարկությունները, այդ առարկություններին պատրաստեք պատասխաններ: Տեղեկություններ հավաքեք այն կազմակերպության մասին, այն անձի մասին, ում հետ պատրաստվում եք բանակցել:

Գյոթեն ասել է. «Խոսելը անհրաժեշտություն է, իսկ լսելը` արվեստ»:

Հաճախ նույնիսկ ամենահմուտ վաճառողը կորցնում է հաճախորդին, քանի որ անդադար ներկայացնում է ապրանքը, խոսում է դրա մասին, դրա առավելությունների մասին, որոնք չեն հետաքրքրում հաճախորդին: Անհրաժեշտ է լսել հաճախորդին, բացահայտել, թե ինչ պահանջմունքներ ունի, որոնք Ձեր ապրանքը կարող է բավարարել: Միայն այս ամենը իմանալուց հետո վաճառողը պետք է առաջարկի ապրանք, ծառայությունը, որի միջոցով կլուծվեն հաճախորդի խնդիրները:

Սակայն լսել չի նշանակում միայն հետևել զրուցակցի խոսքերին և ըմբռնել դրանք: Միայն բառերը լսելը մասնակի տեղեկություն է տալիս դիմացինի պահվածքի վերաբերյալ: Պետք է ուշադիր լսել ոչ միայն զրուցակիցի խոսքին, այլ նաև հետևել նրա ժեստերին, հայացքին, ձայնի ելևէջներին և շարժումներին:

«Խոսելով մենք երբեմն դուր ենք գալիս, իսկ լսելով` միշտ»:

Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, սակայն մարդկային էությունը բոլորիս մոտ նույնն է: Գուցե զարմանաք` այս թվերը տեսնելով, բայց ապացուցված փաստ է, որ սովորական մարդը հիշում է լսած տեղեկատվության 2%-ը, 10%-ը` տեսածի և 50%-ը այն տեղեկատվության, որը միաժամանակ լսում և տեսնում է:

Ալդին Մեհրաբյանի կատարած հետազոտության արդյունքների համաձայն մեր մարմինը խոսում է ավելի լավ, քան բառերը: Ըստ այդ հետազոտության` առօրյա հաղորդակցության մեջ միայն 7%-բառայինն է, 55 %-ը ժեստերը, դիմախաղը և 38%-ը ձայնը (ձայնի տոնայնությունը, տատանումները): Այսինքն` մեր մարմինը ավելի լավ է արտահայտում մեր զգացմունքները, մեր մտքերը, քան արտաբերած խոսքերը, որոնք առանց ժեստերի և ձայնային երանգների գրեթե ոչինչ չեն արտահայտի:

Ռալֆ Վալդո Էմերսոնն ասել է. «Այն ինչ դուք ձեզանից ներկայացնում եք, այնքան ուժգին է հնչում իմ ականջներում, որ ես չեմ լսում այլևս` ինչ եք ասում»:

Այսինքն` մարմնի լեզուն, ժեստերը ավելի վառ են արտահայտում մարդու զգացմունքները, նպատակները, տրամադրվածությունը, հետևաբար կարող են ավելի լավ կանխորոշել բանակցությունների ելքը, քան բուն խոսքերը: Բանակցությունների ժամանակ անհրաժեշտ է ուշադիր հետևել դիմացինի ժեստերին, նստած դիրքին, ձեռքերի, ոտքերի շարժումներին, ձայնի ելևէջներին: Ըստ այս ամենի կարելի է գուշակել դիմացինի տրամադրվածությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել բանակցություններին ցանկալի ընթացք տալու համար:
Կարծում եմ` բոլորը կհամաձայնվեն, որ մարդու` հասկացվելու կարիքը ավելի կարևոր է, քան մնացածը: Բոլորս էլ կարիք ունենք լինել հասկացված կամ գոնե ունենալ այդպիսի զգացողություն: Հետևաբար, այս քայլով կբավարարեք հաճախորդի հասկացված լինելու կարիքը և ձեռք կբերեք դրական վերաբերմունք հաճախորդի կողմից:

Մարմնի լեզուն անհնար է շարունակաբար կեղծել, այն հասկացվում է մեզանից յուրաքանչյուրի կողմից ենթագիտակցական մակարդակով: Չնայած անհրաժեշտ է որոշ չափով տիրապետել այդ գիտելիքներին բանակցությունների գնալուց առաջ և նախապես պատրաստվել:

Որպեսզի կարողանաք կառավարել Ձեր մարմնի լեզուն, առաջին հերթին անհրաժեշտ է հավատալ այն գաղափարին, որը պատրաստվում եք ներկայացնել: Եթե նույնիսկ չեք հավատում այդ գաղափարին, որի շուրջ բանակցելու եք, բանակցությունների գնալուց առաջ վերցրեք թուղթ և փորձեք գրել 7 պատճառ, թե ինչու պետք է հավատալ այդ գաղափարին: Ձեր ներկայացման ձևը ավելի կարևոր է երբեմն, քան բովանդակությունը:

Հուսով եմ այս հոդվածը ինչ-որ չափով բացահայտեց բանակցություններ վարելու հետ կապված որոշ նրբություններ:


Դե ինչ, առաջ դեպի նորանոր հաղթանակներ և շահավետ գործարքներ: