September 6, 2011

Գաղտնազերծենք կայքի արտաքին օպտիմալացման միֆը

Այսօր աստիճանաբար տարածվում է «որոնման մեխանիզմների օպտիմալացում» SEO խորհրդավոր տերմինը և շատ դեպքերում ընկերությունները սկսում են անհանգստանալ, որ իրենց վեբ կայքը այդ SEO-ն չունի: Ուզում են ունենալ, բայց չեն կողմնորոշվում որտեղի՞ց է պետք գնել, ինչքանո՞վ և, որն ամենակարևորն է, ի՞նչ է այդ SEO կոչվածը:

Այսօր մենք կսկսենք «գաղտնազերծել» այդ տերմինը և առիթ տալ հարցերի, քննարկումների, որպեսզի մեր բիզնեսմենները կարողանան այդ ծառայությունից օգտվելիս կատարել մտածված և գիտակ որոշում:  Ի՞նչ է վեբ կայքի արտաքին օպտիմալացումը:

Կայքի արտաքին օպտիմալացումը հասկանալու համար պատկերացնենք այսպիսի իրավիճակ. մի խումբ զբոսաշրջիկներ կամենում են այցելել Իջևանի շրջակայքում գտնվող Լաստիվերի քարանձավները:  Եվ երբ ճանապարհ են ընկնում, պարզվում է, որ իրար հետ խաչվող, տարբեր ուղղություններով գնացող ճանապարհների վրա չկան ուղղորդող նշաններ: Մեր հյուրերը մոլորվում են:  Նրանք գիտեն ուր են ուզում գնալ, բայց չեն կարողանում գտնել ճանապարհը, որովհետև մենք նրա աչքի առջև չենք տեղադրում սլաքներ, ուղղորդող նշաններ, հեռավորությունը նշող ցուցատախտակներ:  Եվ Լաստիվերի հրաշալի քարանձավները մնում են անհայտ և չեն ունենում ոչ մի այցելու:  Մինչդեռ նրանք նկատում են Օազիս հյուրանոցային կոմպլեքսի ցուցատախտակը և որոնումներից հոգնած, որոշում են հանգրվանել ժամանակակից «քարանձավում»:

Ուրեմն ի՞նչ էր պետք անել:  Պետք էր իմանալ` որ ճանապարհներից են գալիս մեր հաճախորդները և այդ վայրերում սլաքներ, ցուցատախտակներ և այլ ուղղորդող տեղեկություններ տեղադրել:

Այժմ, եթե ուզում ենք մեր վեբ կայքի հաճախորդները ավելանան, մենք պետք է այն հասցնենք հաճախորդին: Հաճախորդը մեզ մոտ է գալիս որոնման մեխանիզմների «ճանապարհով»:  Ուրեմն այդտեղ անհրաժեշտ է «տեղադրել ուղղորդող նշաններ»:

Որոնման մեխանիզմների համար «ուղղորդող նշաններ» են հանդիսանում հղումները (Link):   Այդ հղումները կարող են առաջանալ բնականորեն, երբ մեր էջերի բովանդակությունը հետաքրքիր լինելու շնորհիվ շատերը իրենց կայքերում, բլոգներում, հոդվածներում պատմում են մեր մասին և հղում դեպի մեր կայքը:

Այլ պարագայում մենք ինքներս ենք այդպիսի հղումներ ձևավորում տարբեր կայքերում. օրինակ` Սփյուռում և այլ դիրեկտորիաներում գրանցվելով, ֆորումներում արժեքավոր քննարկումների մասնակցելով, հետաքրքրաշարժ բլոգ գրառումներով, բլոգերում մեկնաբանություններ թողնելով, հոդվածներ տեղադրելով, սոցիալական կայքերի անցուդաձին ակտիվ մասնակցելով: 

Հղումները պատմում, ուղղորդում, հուշում, ներկայացնում են մեր կայքը: Այդ հղումները նախ ուղղորդում են մեր հաճախորդներին, ապա նաև որոնման մեխանիզմների search bot-երին:

Այն կայքերը, որոնք ունեն շատ և հարմար տեղերում տեղադրված ուղղորդող հղումներ, ձեռք են բերում բարձր վարկանիշ և ունենում են մեծ թվով հետաքրքրված այցելուներ:

Եթե հարցեր ունեք կայքի արտաքին օպտիմալացման վերաբերյալ, կարող եք մեկնաբանություն թողնել այս բլոգում, կամ ձեր հարցերը ուղղել մեր մասնագետներին:

1 comment :

  1. It is not very clear. Are we talking here about offsite optimization only? If so, I think we are missing a lot of techniques here.

    Thanks

    ReplyDelete