August 15, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 4

Այս տարի բերքն առատ է, ամենուրեք և բոլոր տեսակի մրգերի և բանջարեղենների: Սակայն բավականին լուրջ խնդիր կա` կապված խոտի հետ: Անձրևային ամառվա պատճառով խոտի քանակությունը բավականին քիչ է` համեմատած նախորդ տարվա հետ: Ու բնականաբար գները աճում են: Օրինակ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանում (երեկ այնտեղ էի գործերով) այս տարի մեկ տուկ խոտն արդեն վաճառվում է 1500 դրամով, այն դեպքում, երբ անցյալ տարի գինը եղել է 500-600 դրամ:

Խոտի սակավությունը և թանկությունը բերում են անասնագլխաքանակի կտրուկ նվազման: Գյուղացիները սկսել են իրենց կովերը մորթել, քանի որ չեն կարողանում համապատասխան քանակի խոտ կուտակել: Որպես արդյունք թարմ մսի մեծածախ գինը նվազել է: Մի քանի շաբաթ առաջ առևտրականները գյուղացիներից միսը ձեռք էին բերում մոտ 1800 դրամով, իսկ հիմա այդ գինը նվազել է ընդհուպ մինչև 1200 դրամ: Բայց ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, մեծածախ գները նվազում են, իսկ մանրածախ գինը, որը վճարում են սպառողները, մնում է նույնը:

August 10, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 3


Շատ հետաքրքիր շաբաթ ստացվեց: Այն սկսեցի Բագրատաշենում, իսկ շաբաթվա երկրորդ կեսն անցկացրի Մեղրիում: Հայաստանի հյուսիսային կետից մինչև հարավային դարպասներ մոտ 600կմ է: Նորմալ ճանապարհների դեպքում կարելի էր մոտ 7-8 ժամում անցնել այդ ճանապարհը, բայց իհարկե ոչ Հայաստանի ճանապարհներով:

Գաղտնիք չէ, որ ճանապարհները կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման գործում, իսկ ինչպիսի՞ն են Հայաստանի ճանապարհները:

Ճանապարհների որոշ հատվածներ այնքան ալիքավոր ու անհարթ են դառնում, որ կարծես ընթացքում փչացած կարուսել նստած լինես: Մասնավորապես` Գորիս-Սիսիան ճանապարհի մի քանի տեղանք շատ վատ վիճակում է` տեղ-տեղ քանդված հատվածները ամիսներ շարունակ չեն նորոգվում: Օրինակ, Սևան-Դիլիջան թունելից մինչ Դիլիջան տանող և քաղաքի մեջ գտնվող ճանապարհները ուղղակի աղետալի վիճակում են: Տարօրինակ է, քանի որ այն միջպետական ճանապարհ է:

July 30, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 2


Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, այս տարի Հայաստանում կանխատեսվում է  8-9% աճ գյուղատնտեսության ոլորտում…Թե ինչ է նշանակում այս աճը, պարզ է. Գյուղացին ստացել է ավելի շատ բերք համեմատած, դեռ պարզ չէ, թե որ տարվա հետ (այս մասին լրատվությունը լռում է):

Դե ինչ, որպես օրինակ թերևս նշեմ դեղձը: Այս տարի դեղձի բերքը իրոք շատ առատ է, նույնիսկ ծառերի ճյուղերն են կոտրվում: Կարծես թե ուրախալի փաստ է, որը սակայն բավականին տհաճ երևույթներ է առաջ բերում: Առատ բերքը գրեթե չի վաճառվում, քանի որ գնորդներ պարզապես չկան:


Իհարկե, որոշ մասը վաճառվում է շուկաներում, սուպերմարկետներում, ճանապարհների վրա: Սակայն, սրանք փոքր քանակներ են. Հիմնական մասը պետք է ձեռք բերվի վերամշակողների կողմից: Հոդվածը գրելու ժամանակ տեղեկացա, որ նույն իրավիճակը լոլիկի շուկայում է. Բերքը շատ է, իսկ հուլիսի 30-ի դրությամբ դեռ մթերումներ չկան: Կարծես բոլորը սպասում են, որ բերքի լճացումներ լինեն ու բնականաբար գները կտրուկ կնվազեն: Իհարկե միակ տուժողը մնում է գյուղացին:

Ինքս ականատես եղա, թե ինչպես է Պտղավան գյուղում 1 կգ դեղձը վաճառում են ընդամենը 40-50 դրամով: Այսինքն, մեկ արկղ դեղձի գինը (20 կգ) սահմանելով առավելագույնը 1000 դրամ: Սակայն նման մատչելի գնով դեղձ վաճառելը դեռ բավարար չէ բերքի սպառումն ապահովելու համար:  Արդյունքում այդ բերքը ուղղակիորեն փչանում է: Նման վիճակ էր Նոյեմբերյանի Այրում, Պտղավան, Դեղձավան, Հաղթանակ, Զորական, Լճկաձոր և այլ գյուղերում: Իսկապես սարսափելի իրավիճակ է:

July 9, 2012

ԴԱԺԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. մաս 1


Նկարը վերցված է www.hraparak.am կայքից
Photo © hraparak.am
Աշխատանքի բերումով վերջին ամիսներին բավականին հաճախ եմ լինում մարզերում: Շաբաթվա 3-4 օրը անց եմ կացնում Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի և Տավուշի մարզերի հեռավոր գյուղերում: Այցելություններիս հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների բնակիչներին հիմնադրելու նոր ձեռնարկություններ, որոնք կնպաստեն համայնքների տնտեսական ակտիվությանը, կստեղծեն աշխատատեղեր, ինչպես նաև կավելացնեն բնակիչների որոշ զանգվածի եկամուտը: Մեծ ջանքեր ենք ներդնում`  առաջ մղելու համայնքների զարգացումը ձեռնարկատիրական գործունեության միջոցով: Մենք հավատում ենք այն գաղափարին, որ երբ գյուղական համայնքում գործում է մի քանի հաջողված բիզնես, ապա համայնքի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել: Սակայն, կուզենայի կիսել մտքերս այն խոչընդոտների վերաբերյալ, որոնց հանդիպոմ ենք մեր ծրագրերի իրագործման ճանապարհին:

April 5, 2012

Հայաստանի կառավարման ոլորտի խորհրդատուները միավորում են իրենց ուժերը


Կառավարման խորհրդատվությունը Հայաստանում լուրջ զարգացումներ է ապրում և այս ոլորտում վերջին տարվա ընթացքում որակական լուրջ առաջընթաց է տեղի ունեցել: Անցյալ տարվա նոյեմբերին հիմնադրվել է «Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտ» կազմակերպությունը, որի նպատակներն են աջակցել Հայաստանում կառավարման խորհրդատվության ոլորտի որակական զարգացմանը, խթանել խորհրդատվության կիրառումը Հայաստանի մասնավոր և հանրային հատվածներում, կազմակերպել և անցկացնել խորհրդատուների միջազգային սերտիֆիկացում Հայաստանում, ապահովել կազմակերպության անդամների մշտական մասնագիտական զարգացման հնարավորություններ, մշակել և կիրառության մեջ դնել կառավարման խորհրդատվության մասնագիտական ստանդարտներ, մշակել և հետևել խորհրդատուների կողմից ընդունված վարքագծի կանոններին:

March 6, 2012

Քոուչինգի նպատակները


Քոուչինգը համեմատաբար նոր երևույթ է Հայաստանում և քիչ թե շատ  տարածված է խոշոր ընկերություններում, հատկապես այն ընկերություններում, որոնք ունեն հաստատված գործնական կապեր արտասահմանյան շուկայի հետ: Զարմանալի չէ, որ քոուչինգը հաճախ շփոթում են հոգեբանական կամ բիզնես խորհրդատվության հետ: Այն խորհրդատվության և կառավարման բոլորովին այլ ուղղվածություն ունի:

Քոուչինգը իր մեջ ներառում է երկու հիմնական ուղղություն`

1. Քոուչինգը` որպես խորհրդատվության տեսակ
2. Քոուչինգը` որպես կառավարման ոճ

February 17, 2012

Ուզու՞մ եք իմանալ ընկերության իրական արժեքը


Ո՞վ չի ուզում իմանալ իր սեփականության իրական արժեքը: Բնակարանները, առանձնատները, ավտոմեքենաները, կանխիկ կամ բանկային հաշիվներում առկա գումարների արժեքները կարող ենք հեշտությամբ հաշվել: 

Իսկ եթե ուզում ենք իմանալ, թե ինչ արժե արտադրությու՞նը, կամ ինչ արժե գործող խանու՞թը: Մի՞թե այն միայն առկա ապրանքների արժեքն է: